Ինչո՞ւ ոչ ոք չի մտածում Հովիկ Աբրահամյանի մասին: Դեպքերի այս ընթացքով՝ շտապ պետք է ձևավորել Հովիկ Աբրահամյանի փրկության շտաբ և նրան շնորհել հավերժ պատվավոր վարչապետի կամ, նվազագույնը, վարչապետների ակումբի պատվավոր նախագահի կոչում: Ոչ հրապարակային, բայց ազդեցիկ real politik-ում նա շեշտակի կորցնում է աներեր դիրքերը: Պատկերացնո՞ւմ եք որևէ վարչապետի իշխանության ձևն ու չափը, երբ նախարարներն իրեն չեն ենթարկվում կառավարության կազմում, երբ անգամ «իր մարդիկ» իր հետ տարաձայնություններ ունեն, երբ նախագահի գլխավորած կուսակցությունը համագործակցության կարիք է զգում խորհրդարանում 5 պատգամավորով խմբակցության հետ ու իշխանության հրավեր չի հղում 30-ից ավելի պատգամավորներ ունեցող քաղաքական ուժին, որ հանձնված է իրեն: Երբ, մեղմ ասած, ԲՀԿ-ն քանդվում է ՀՀԿ-ի ձեռքով: Երբ նախագահը տնտեսական հարցերով խորհրդակցությունների է հրավիրում դեսպաններին, բայց ոչ վարչապետին: Արդեն երկրորդ անգամ: Իսկ իրեն հրամայված է ժպտալ և եռանդուն վարել կառավարության նիստերը: Այդքանը: Նույնիսկ դա չէ ամենավտանգավորը՝ քաղաքական ասպարեզում վրա-վրա հայտնվում են նոր ուժեր ու նոր դեմքեր, ու ոչ մեկը Հովիկ Աբրահամյանից կախում չունի: Իսկ եթե անկախ է, ուրեմն անկառավարելի է, եթե անկառավարելի է, ուրեմն վտանգավոր է: Տնտեսական վիճակի վկայություն է շների ու կատուների վրա դրված հարկը, գծերով, տեսախցիկներով, կոռուպցիայի դեմ «պայքարի» հանձնաժողովով գանձարանը լցնելու այլևս ոչ մի հույս, մնում են շուն ու կատու պահողները: Պետական պարտքը ռեզին չէ, մինչև դարավերջ պարտք ենք փակելու, ռուսները ոչ փող են տալիս, ոչ գազի գինն են իջեցնում: Տրանսֆերտները կրճատվում են, արտագնա աշխատանքի մեկնածներն են սկսում Ռուսաստանից վերադառնալ: Վերադարձան՝ շարվելու են կառավարության առաջ ու աշխատանք են ուզելու: Ի՞նչ անի Հովիկ Աբրահամյանը: Օդ ու ջրի պես դաշնակիցներ են պետք: Բայց՝ որտեղի՞ց: Քաղաքական դաշտի չգրված օրենքն է՝ յուրային, թե ոչ յուրային՝ բոլորը նետվում են դեպի ուժի բևեռը: Թիմ հասկացությունը ուժի ցուցադրություն է, թիմի քանդվելը՝ թուլության: Խորհրդարանական կառավարման պարագայում բուֆերի ու անտիբուֆերի Հովիկ Աբրահամյանի կարողությունները պահանջարկ չունեն, երբ երրորդ նախագահը չի հեռանում: Հանրաքվեի քվեարկության պատկերը պատմություն է, որ նա կուզեր իսպառ ջնջել ու մոռանալ, փոխարենը՝ նախագահից սկսած մինչև միջազգային կառույցներ հիշում ու հիշեցնում են: Եվ չի բացառվում, որ կրկնվի անեկդոտիկ պատմությունը՝ առավոտյան նա գնա կառավարության նիստի, խոսի իր ու կառավարության առաջիկա ծրագրերի մասին, իսկ երեկոյան իմանա իր անձնական ծրագիրը՝ հրաժարականի տեսքով: Ինչպե՞ս ստացվեց, որտե՞ղ վրիպեց, ո՞ւմ մեղքով է, որ չի կատարվելու նրա նվիրական երազանքը՝ Մխչյանից Երևան հասնելուց հետո նախագահ դառնալ: Նախագահի պաշտոնը դեկտեմբերի 6-ից հետո արդեն պատվավոր աքսոր է: Բայց վտանգված է վարչապետ մնալու բարձրաձայնված երազանքը: Ոչ 2018-ից հետո, ոչ մինչև 2018-ը: Փոխարենը մասամբ կատարվելու է հազարավոր մարդկանց երազանքը, որ հավաքվում են կառավարության շենքի առաջ ու պահանջում խոստումներին տեր լինել: Տեր չի լինի, բայց վարչապետ էլ չի լինի՝ երբեմն գոնե ժողովրդի բախտն էլ պիտի բերի՝ ազատվել մի կառավարությունից ու մի վարչապետից, որ խոսքից գործին անցնելու ժամանակ չունի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պետք է պարզել՝ ո՞ր երկրում դեսպանի թափուր տեղ կա: Եվրոպա չառաջարկել՝ չեն ընդունում, Ռուսաստան՝ չեն ընդունում, Չինաստան՝ նույնը, մնում են Աֆրիկան ու Արկտիկան: